Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները պարբերաբար կրակում են մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից: Այդ կրակոցները պարզ լսվում են գյուղերում ու անհանգստացնում բնակիչներին, առաջին հերթին՝ կանանց ու երեխաներին, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Օմբուդսմենը փետրվարի 16-ին այցելել է Սյունիքի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր, հանդիպել բնակիչներին ու տեղեկացել նրանց կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգների կամ խախտումների մասին: ՄԻՊ-ին ուղեկցել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Այցի ընթացքում Շիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի բնակիչները խոսել են ցերեկային ժամերին հնչած կրակոցներից։
«Կրակոցներ արձակած ադրբեջանցի զինվորականններն գտնվում են այնպիսի (անգամ 1 կմ-ից քիչ) տարածության վրա, որ անզեն աչքով հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են: Այսինքն՝ նրանք պարզ դիտարկում են, որ հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում խաղաղ բնակիչները: Այս ամենն ուղիղ վտանգներ է ստեղծում երեխաների համար: Օրինակ՝ ադրբեջանցի զինվորականները գտնվում են Ներքին Հանդ գյուղի գործող դպրոցի անմիջական հարևանությամբ՝ 1 կմ-ից էլ քիչ հեռավորության վրա»,- հայտարարել է ՄԻՊ-ը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների «որոշման» գործընթացի պատճառով Կապանի գյուղերի արոտավայրները, մասնավոր ու համայնքապատկան վարելահողերը հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ, դրանցից օգտվելն անհնար է դարձել:
ՄԻՊ-ը հայտնել է, որ Կապանից Ճակատեն ու համայնքի այլ գյուղեր տանող ճանապարհին լրջորեն խաթարվել է խաղաղ բնակիչների ու առաջին հերթին՝ գյուղացիների ազատ տեղաշարժը՝ ադրբեջանցի զինված սահմանապահների տեղակայման պատճառով։
Ավելի վաղ ՄԻՊ-ը տեսնյութ էր հրապարակել Սյունիքի բնակավայրերից, որտեղ հնչում էին կրակոցներ։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Սյունիքը դարձել է սահմանամերձ, մարզի որոշ գյուղերից արոտավայրեր, հողակտորներ ու նաև տներ են մնացել ադրբեջանական կողմին։ Սահմանազատման աշխատանքները մարզում կատարվել են GPS-ով ու ըստ ԽՍՀՄ քարտեզի։