Բեռլինում ընդհանուր կրոնական կենտրոն կկառուցեն քրիստոնյաների, հուդայականների և մահմեդականների համար։ Կենտրոնը կկառուցվի 1964թ․ կոմունիստների կողմից քանդված Սբ Պետրոսի եկեղեցու տեղում։ €47 մլն արժողությամբ նախագիծը պաշտոնապես կկոչվի House of One, իսկ ոչ պաշտոնապես՝ «եկեղեցամզկիթագոգ»։
House of One-ի պլանավորման համար, որը դառնալու է միջկրոնական համերաշխության և երկխոսության խորհրդանիշ, 10 տարի պահանջվեց, գրում է Bird in Flight-ը։
«Գաղափարը պարզ է՝ մենք ուզում էինք միասնական տարածք ստեղծել աղոթքի և ուսուցման համար, որտեղ երեք կրոնը կկարողանան գոյակցել՝ չկորցնելով անհատականությունը»,- ասել է քրիստոնյա աստվածաբան Ռոլանդ Շտոլտեն։
Շենքը նախագծել է գերմանացի ճարտարապետ Կուեն Մալվեցցին։ Այն ընդհանուր նախասրահ կունենա, որտեղ կանցկացվեն բանավեճեր և միջոցառումներ, որոնց կկարողանան մասնակցել տարբեր կրոններ դավանող անձինք, ինչպես նաև աթեիստներ։
Տեղի կրոնական համայնքները սատարում են գաղափարին։
Շինարարությունը կմեկնարկի մայիսի 27-ին և կտևի մոտ 4 տարի։