3 մարտի 2021 - 19:26 AMT
Սերժ Սարգսյան․ Արոնյանն ասել է՝ կվերադառնա, երբ իր հանդեպ վերաբերմունքը փոխվի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Լևոն Արոնյանի ՀՀ-ից հեռանալու որոշմանը, ասել է, որ շախմատիստն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի։

«Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում», - ասել է Սարգսյանը, որը որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է եղել մրցաշարի, գրում է Aysor.am-ը։

Սարգսյանը հավելել է, որ Արոնյանն իր հայտարարության մեջ բոլոր հարցերին պատասխանել է:

«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Նա ասել է, որ խնդիրն օժանդակության մեջ չէ: Մնացածն իր հայտարարության մեջ կա», - ասել է Սերժ Սարգսյանը:

Փետրվարի 26-ին Արոնյանը հայտարարել էր, որ մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից:

Ընթերցեք նաև․ Արոնյան․ Ստիպված եմ հեռանալ երկրից՝ բեկումնային որոշում կայացնելով