24 մարտի 2021 - 18:56 AMT
Նախարար․ Հաշմանդամության 3 խմբի փոխարեն կսահմանվի ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան

Ազգային ժողովը քննարկել է Կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթը, որով հաշմանդամության 3 խմբի փոխարեն նախատեսվում է սահմանել ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր, խորն աստիճաններ:

Այն ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Նախագծերի փաթեթով հաշմանդամություն ունեցող անձ է համարվելու այն անձը, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: Գործող օրենքով հաշմանդամություն ունեցող անձի սահմանումը պայմանավորված է անձի առողջական կարգավիճակից ելնելով»,-ասել է նախարարը:

Նախագծում նաև սահմանված են հաշմանդամության հիմքով խտրականության արգելքին վերաբերող դրույթներ։

Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի նախագծով նախատեսվում է բժշկասոցիալական փորձաքննության համակարգից անցում կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի: Օրենքի նախագիծը հնարավորություն է տալու նաև թիրախային կերպով գնահատել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները՝ ըստ դրա տրամադերլով պետական աջակցություն։

«Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր և խորը՝ ներկայիս սահմանմամբ հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խմբերի փոխարեն: Գնահատումը կիրականացվի այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով»,-ասել է Առաքելյանը:

Այժմ ՀՀ-ում հաշմանդամության 3 խումբ է սահմանված՝ առաջին, երկրորդ և երրորդ։