31 մարտի 2021 - 19:00 AMT
Ադրբեջանցիները քանդել են Շուշիում Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը

Ադրբեջանցիները հերթական հայկական հուշարձանն են ավերել Շուշիում։ Խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում և Առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մասին է։

Արբանյակից արված լուսանկարներում, որոնք հրապարակվել են Telegram-ալիքներում, երևում է, որ ավերված հուշարձանի տեղում դրոշաձող է տեղադրվել։

Հուշարձանը կառուցվել էր 12 տարի առաջ։

Հայոց ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում և Առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը միակ կոթողը չէ, որ ադրբեջանցիներն ավերել են Շուշիում։ Նրանք քանդել են Կանաչ ժամ եկեղեցին, դեռևս պատերազմի ընթացքում հատուկ նշանառությամբ խոցել էին Ղազանչեցոց եկեղեցին, ինչպես նաև մի շարք հուշարձաններ են ոչնչացրել։