5 ապրիլի 2021 - 18:22 AMT
ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն նախագահին կոչ են անում չստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը հայտարարել են, որ ԱԺ-ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը, կառույցները կոչ են արել նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել օրենքը։

Մարտի 24-ին ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը, որը նախագահը դեռ չի ստորագրել։ Մինչ այդ օրենքի նախագծի դեմ էին արտահայտվել մի շարք բուհեր`այդ թվում ԳԱԱ-ն, ԵՊԲՀ-ն, ԵՊՀ-ն։ Օրենքի փոփոխությամբ բուհերի հանրային խորհրդի 9 անդամից 5-ը պետք է լինեն «համապատասխան նախարարի ներկայացուցիչներ»։ Նախատեսվում է նաև, որ բուհերի ռեկտորին ընտրում է կառավարման խորհուրդը:

Բուհերից նշում են, որ օրենքն «ամբողջությամբ և առանց վերապահումների կախվածության մեջ է դնում բուհերը քաղաքական իշխանություններից»։ Բացի այդ, նշվում է նաև, որ օրենքը սահմանում է գիտական կազմակերպության տնօրենի և բուհում վարչական ու ակադեմիական պաշտոններ զբաղեցնելու համար տարիքային սահմանափակումներ։

Նշվում է, որ օրենքով էականորեն փոփոխվում է ԳԱԱ-ի կարգավիճակը, կան «խիստ անորոշ ձևակերպումներ», որոնք էլ հակասում են Սահմանադրության մի շարք հոդվածների։

ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն նշել ել են, որ հայտարարությունը բաց է գիտակրթական կազմակերպությունների և կառույցների միանալու համար: