Կոտայքի մարզում գտնվող «Բջնու ամրոց» արգելոցն այցելուների համար առավել հետաքրքիր դարձնելու համար մի շարք ծրագրեր են նախատեսվում։ Այդ մասին ասվել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի և կառույցի այլ աշխատակիցների հետ հանդիպմանը:
Քննարկվել են Կոտայքի մարզի պատմամշակութային հուշակոթողների պահպանությանն առնչվող և դրա հետ կապված խնդիրները։
Մարզպետն իր հերթին խոստացել է աջակցել համայնքից դեպի ամրոց տանող 600 մետր երկարությամբ ճանապարհի բարեկարգմանը:
Նշվել է, որ վերջին տարիներին արգելոցի կարգավիճակ ստացած «Բջնու ամրոցը» բավականին գրավիչ տուրիստական գոտի է դարձել։
Քննարկել են նաև հուշարձանի կարգավիճակ ունեցող գերեզմանոցների տարածքներում հուղարկավորություններ իրականացնելու ապօրինի դեպքերը և դրանք բացառելու նպատակով շեշտել մարզպետարան-համայնք-ՊՈԱԿ առավել սերտ աշխատանքը:
Բջնի ամրոցը միջնադարյան կառույց է, որը գտնվում է Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Ամրոցի պատերը կարելի է տեսնել միայն գյուղի արևմտյան կողմից: Բջնի ամրոցը տեղակայված է ծովի մակարդակից 1504 մետր բարձրության վրա: Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բջնին եղել է միջնադարում հայ գեղարվեստի կարևորագույն կենտրոններից մեկը: