9 ապրիլի 2021 - 10:31 AMT
ՊՆ-ն շարունակում է շրջափակված մնալ․ Շիրակում գերիների հարազատները փակել են ճանապարհները

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու ապրիլի 8-ի ուշ երեկոյան նրանց միացած ռազմագերիների հարազատները շարունակում են շրջափակած պահել Պաշտպանության նախարարության վարչական տարածքը, որտեղ աշխատողներն արդեն 24 ժամ չեն կարողանում դուրս գալ, գրում է Sputnik Արմենիան։

Ռազմագերիների հարազատները ՊՆ էին եկել այն բանից հետո, երբ նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվել էր։

Ապրիլի 9-ի առավոտյան Շիրակում գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները։

Փակ է ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:

«Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հարազատների վերադարձ, այլ պահանջ մենք չունենք»,-նշել է հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։

Պաշտպանության նախարարության ելքերն արգելափակված են ապրիլի 8-ի կեսօրից թե՛ ավտոմեքենաների, թե՛ հետիոտների համար, Գիշերը ՊՆ-ի մոտ անցկացրած մարդկանց խոսակցությունների համաձայն՝ վարչական համալիրի տարածքից (կամ տարածք) միայն ուղղաթիռ է թռել։

ՊՆ աշխատակիցներից մեկն ավելի վաղ ասել էր, որ իրենք հուսահատ վիճակում են։

«Ոչ մի տարբերակ չունենք այստեղից դուրս գալու։ Ուտելիքն արդեն վերջանում է»,- տեղեկացրել էր նա։

Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։