Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին նա ասել է իր տեսաուղերձում, տեղեկացնում է «Ասպարեզի» ֆեյսբուքյան իր էջում։
«Ճշմարտությունն ասելու ժամանակն է, ժամանակն է հիշելու պատմական ողբերգությունը, որպեսզի այն երբեք չկրկնվի։ Ժամանակն է, որ բոլորս, նախագահ Բայդենից սկսած, ամբողջ աշխարհում միաձայն հայտարարենք, որ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»,- ասել է նա։
Գարսեթին հիշեցրել է, որ 1․5 մլն հայ է սպանվել, և կոչ արել միանալ «Այո, դա ցեղասպանություն էր» ստորագրահավաքին։
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ ամերիկահայերը քայլեր են ձեռնարկում Ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ և կոչ անում ԱՄՆ նախագահի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի իր ելույթում: