Բաքվում մեկնարկած դատավարության ժամանակ պետական մեղադրողը 20 տարվա ազատազրկում է պահանջել լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեկչյանի համար, տեղեկացնում է «Sputnik Ադրբեջանը»։
Էուլջեկչյանը ժխտել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ քննության ժամանակ ցուցմունքները տվել է ճնշման տակ։
Էուլջեկչյանի փաստաբան Լեյլա Մամեդովան միջնորդություն է ներկայացրել գործը լրացուցիչ քննության ուղարկելու վերաբերյալ, սակայն նախագահող դատավոր Էլբայի Ալլահվերդիևը մերժել է այն։
Էուլջեկչյանի դեմ մեղադրանքը կառուցված է նրա «խոստովանական» ցուցմունքների վրա։ Նրան մեղադրանք է ներկայացվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետսահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
Էուլջեկչյանը գերեվարվել էր լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ միասին։ Նրանք Գորիսից մեկնել էին Շուշի իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Մարտի 10-ին Նաջարյանն ազատ էր արձակվել Միջազգային կարմիր խաչի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության ջանքերով։