Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, անդրադառնալով նախընտրական քարոզչությանը, հայտարարել է, որ դրա շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց եկեղեցու հասցեին։
«Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։
Հայոց եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ խոսել էր կոռուպցիայի մեջ ներգրավված հոգևորականների մասին: «Վերջին տարիներին հոգևոր էլիտայի ներկայացուցիչները, խոսքը ղեկավար կազմի մասին է, ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ձախողմանը հասնելու համար»,-ասել է նա:
Ավելի վաղ Տավուշի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ պետք է ծնկի բերել էլիտաներին, այդ թվում հոգևորական։
Մայր աթոռ սուրբ Էջմիածինը կոչ էր արել քաղաքական բոլոր ուժերին, հատկապես՝ իշխող կուսակցությանը, զերծ մնալ անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։