ՀԱՊԿ-ն ամբողջ անհրաժեշտ օգնությունը կցուցաբերի Տաջիկստանին, դիմելու դեպքում, Աֆղանստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Տաջիկստանին ՀԱՊԿ-ի կողմից, եթե վերջինս դիմի, կցուցաբերվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված ամբողջ անհրաժեշտ օգնությունը, որի համար կդիմի այդ երկիրը՝ դա կարող է լինել և քաղաքական, և ռազմական, և ռազմատեխնիկական օգնություն»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Զայնետդինովը տեղեկացրել է, որ Տաջիկստանը դեռևս ՀԱՊԿ-ին չի դիմել։
Աֆղանստանի տարածքում թալիբների գործողությունների հետևանքով իրավիճակը Տաջիկստանի սահմանամերձ գոտում սրվել է։ Թալիբները գրավել են Ուկչուկ սահմանակետը աֆղանական Բալխ գավառում, որի հետևանքով կառավարական զորքերի 17 զինծառայող նահանջել է Տաջիկստանի տարածք։
Հունիսի 22-ին ևս թալիբների կողմից սահմանակետի գրավման հետևանքով Աֆղանստանի կառավարական ուժերի 134 զինծառայող է նահանջել Տաջիկստանի տարածք։