Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Մերկելն իր ուղերձում նշել է որ Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու ՀՀ-ին բարեփոխումների իր ճանապարհին։
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Դուք ստանձնում եք Ձեր նոր մանդատը մեծ մարտահրավերների և անորոշության շրջանում։ Covid-19 համավարակը բոլորիցս պահանջում է աննախադեպ միջոցառումների իրականացում։
Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանի Հանրապետությանը` որպես վստահելի գործընկերոջ, բարեփոխումների իր ճանապարհին։ Դաշնային կառավարությունը կշարունակի հավասարապես նաև ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Մաղթում եմ Ձեզ երջանկությամբ ուղեկցվող նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքի իրականացման ընթացքում»,-ասվում է ուղերձում։
Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձում ասվում է, որ «անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»:
Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակում փոխգործակցությունը կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և քաղաքացիների բարօրության աճին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, շնորհավորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ, նշել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու ԼՂ խնդրի համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։