10 օգոստոսի 2021 - 17:41 AMT
Վահե Հակոբյան․ Պետք է կրճատել բյուջետային ծախսերը, իսկ վերցված վարկերն ուղղել բացառապես կապիտալ ծախսերին

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը, խորհրդարանում ներկայացնելով իր պատկերացումները տնտեսության զարգացման մասին, հայտարարել է, որ հարկավոր է առաջին հերթին կրճատել բյուջետային ծախսերը, իսկ պետության վերցրած վարկերն ուղղել բացառապես կապիտալ ծախսերին։

«Առաջիկա տարիների համար պետք է ակնկալել հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ ուղղված պետական պարտքի կայունացմանը, քանի որ ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը ՀՀ-ում անցել է 60%-նոց շեմը և մոտենում է 70%-ին»,- նշել է նա։

Հակոբյանը կարծիք է հայտնել, որ երկրին սպառնում է սոցիալական ճգնաժամ, քանի որ իշխանությունը որդեգրել է ընթացիկ ծախսերը հոգալու քաղաքականություն՝ ավելացնելով պետական պարտքը։

«Նման է այն իրավիճակին, երբ քաղաքացին գնում, վարկ է վերցնում, որ փակի մյուս վարկը, հետո երրորդն է վերցնում և ընկնում «պարտքի ծուղակի» մեջ։ Մենք հիմա կանգնած ենք այդ շեմին, «պարտքի ծուղակի» շեմին․․․ Այս իրավիճակում Հայաստանն ԱՄՀ-ի չափանիշներով կարող է հայտնվել ռիսկային գոտում»,-ասել է Հակոբյանը։

Նա հավելել է, որ անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներ ենթադրող օրենսդրական փոփոխություններ, որոնք բարենպաստ միջավայր կստեղծեն բիզնեսի համար։

«Պետությունն ամեն ինչ պետք է անի բիզնեսի համար, բիզնեսն իր հերթին ամեն ինչ անի պետության համար՝ միասին ստեղծեն արժեք, ինչը կնպաստի սոցիալական հարցերի լուծմանը», - ասել է Հակոբյանը։

Ըստ նրա, պետք է կրճատել բոլոր անարդյունավետ ծրագրերը և մեծացնել տնտեսական աճ ստեղծողները, ինչը թույլ կտա արագացնել տնտեսության վերականգնումը, նվազեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը՝ անվանական ՀՆԱ-ի աճի հաշվին։