13 օգոստոսի 2021 - 17:58 AMT
Թուրքիան իր նորագույն սպառազինությունը կներկայացնի IDEF 2021 միջազգային ցուցահանդեսում

Թուրքիայի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները մտադիր են առաջին անգամ ներկայացնել իրենց արտադրության որոշ նմուշներ այդ ոլորտի ամենամեծ միջազգային միջոցառումներից մեկում՝ IDEF 2021 Ռազմարդյունաբերության 15-րդ միջազգային ցուցահանդեսում։

Այն կայանալու է օգոստոսի 17-20-ը` Ստամբուլում: Ցուցահանդեսը կազմակերպում է Պաշտպանության նախարարությունը` նախագահի աշխատակազմի հովանու ներքո, գրում է Daily Sabah-ը։

Թուրքական ընկերությունները պաշտպանական նշանակության արտադրանքի լայն շրջանակ կներկայացնեն, այդ թվում՝ ցամաքային տրանսպորտային միջոցներ, զենք, ռադարներ, hիդրոլոկատորներ, ծովային հարթակների համար նախատեսված լուծումներ, ավիացիոն համակարգեր, հրթիռներ, անվտանգության համակարգի սարքավորումներ և այլն։

Katmerciler-ն առաջին անգամ կներկայացնի իր 2 նոր զրահափոխադրիչները։

Ցուցահանդեսի շրջանակում բազմաթիվ բանակցություններ կանցկացվեն և նոր պայմանագրեր կկնքվեն։

IDEF-ն աշխարհում անցկացվող ռազմարդյունաբերության ոլորտի 32 ցուցահանդեսներից 3-րդն է մասնակից ընկերությունների քանակով։ Ցուցահանդեսում կներկայացվի 1236 ձեռնարկության արտադրանք աշխարհի 53 երկրից, որից թուրքական կլինեն 536-ը։ Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 154 պատվիրակ 79 երկրից։