20 օգոստոսի 2021 - 12:42 AMT
Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին ելույթում կարևորել է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծումը։

«Այս տարի անդամ երկրները, Հանձնաժողովի հետ միասին, սկսեցին Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի քննարկումը: Ակնկալում ենք շարունակական կառուցողական աշխատանք՝ հիմնված փոխըմբռնման վրա և հաշվի առնելով Միության բոլոր անդամ երկրների շահերը:

Գոհունակությամբ կցանկանայի նաև նշել, որ մեզ հաջողվեց համաձայնեցնել նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը՝ Միության բոլոր պետությունների կողմից հավանության արժանացած հինգ սկզբունքների հիման վրա։,-ասել է նա:

Փաշինյանն անդրադարձել է նաև տրանսպորտային ոլորտի կարգավորման միասնական սկզբունքների մշակման հարցին:

«Կարծում ենք, որ անդամ պետությունների՝ 2021-2023թթ․ Տրանսպորտային համակարգված քաղաքականության իրագործման ճանապարհային քարտեզը ոլորտի զարգացման հավասարակշռված ծրագիր է: Փաստաթուղթը նախատեսում է եվրասիական տրանսպորտային միջանցքների համալիր զարգացում և հետևողական աշխատանք այս ոլորտում մեր երկրների օրենսդրությունները ներդաշնակեցնելու ուղղությամբ:

Նախորդ տարի մենք համոզվեցինք, որ ԵԱՏՄ ներսում տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության պահանջարկ կա: Համավարակի ընթացքում Միության շրջանակում ձևավորվեցին «կանաչ միջանցքներ» առանցքային ապրանքների համար: Մեծամասամբ այս միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվեց կանխել Միության շուկայում պարենի դեֆիցիտի և փոխադարձ առևտրում ընդհատումների առաջացումը»,-ասել է նա:

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի» իրականացմանը, ներքին և արտաքին շուկաներում ԵԱՏՄ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև բնապահպանության և կլիմայի հարցերին:

ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը նիստի ընթացքում անդրադարձել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի։ Ներկայացվել են 2020թ. ԵԱՏՄ գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքի մասին զեկույցները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ Հանձնաժողովի 2020թ. որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ։

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2021-ի հոկտեմբերին, Երևանում:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմով հանդիպումների արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։