Սեպտեմբերի 4-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղի բնակիչներ՝ ի նշան բողոքի, դարձյալ փակել են ճանապարհը՝ կապված խաղողի մթերումների հետ, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Խաղողագործները պահանջում են մարզպետի և կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում։
Ավելի վաղ կառավարության նիստում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ այլևս չեն լինի խաղողագործներ, որոնք չեն կարողանալու իրացնել իրենց խաղողը: Նա Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին ասաց, որ պետք է աշխատել այս ուղղությամբ, որ չլինեն այդ հարցի հետ կապված փակված փողոցներ, ակցիաներ: