Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Բաքվից ստացած տեղեկություններին, հայտարարել է, որ Ադրբեջանի հանրային տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում։
Լապշինը հրապարակել է Ադրբեջանից իրեն ուղարկված լուսանկարը, որտեղ տրանսպորտում տեղադրված լուսատախտակի վրա գրվում են հայկական քաղաքների անվանումները, իսկ կողքը՝ ցուցանակի վրա, դրանց «ադրբեջանական» անվանումները։
«Ծանոթս է ուղարկել Ադրբեջանից՝ իրենց հանրային տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում։ Էկրանին ցուցադրվում են հայկական քաղաքների անվանումները և անմիջապես դրանց ադրբեջանական անվանում տալիս։ Տղան լուսանկարել է Վարդենիսի մասին, բայց, ինչպես ես հասկացա, նրանք արդեն Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը ևս վերանվանել են և իրենց տարածքն են հայտարարել։ Այդ քարոզչությունը տարվում է բոլոր ավտոբուսներում, մետրոյում, Բաքվի փողոցներում»,-ասվում է Լապշինի գրառման մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անհիմն և կեծղ պնդումներ անելով ՀՀ տարածքի մի մասի՝ ադրբեջանական հող լինելու մասին, հորդորել էր ադրբեջանական լրատվամիջոցներին օգտագործել հայկական քաղաքների և բնակավայրերի «ադրբեջանական անվանումները»։