Աջափնյակում փակվել է վերջին 2 աղբամուղը։ Աջափնյակն առաջինն է Երևանի վարչական շրջաններից, որտեղ աղբամուղների փակման ծրագիրն ամբողջությամբ կատարվել է, տեղեկացնում է քաղաքապետարանը։
«Եղել է 215 աղբամուղ, մնացել են վերջին երկու շենքի աղբամուղները, որոնք փակվում են: Աշխատել է մեծ թիմ, հեշտ չի եղել: Բնակիչներ կային, որոնց դժվար էր համոզել, որովհետև մարդիկ տարիներով սովորել էին աղբը նետել հենց իրենց բնակարաններին մոտ, շենքի ներսում: Ծրագիրը միանգամից լուծում է տալու մի քանի խնդիրների»,- նշել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ աղբամուղների փակումն այլընտրանք չունի, մարդկային նորմալ կյանքի որակի խախտում կա:
Մինչ զոդման աշխատանքները՝ աղբամուղները նախապես ամբողջությամբ մաքրվում են հատուկ նյութով: Դրանց փոխարեն շենքերի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակությամբ նոր աղբամաններ։
Երևանում 3691 աղբամուղից 2220-ն արդեն իսկ փակվել է. ընդհանուր առմամբ, բազմաբնակարաններում առկա աղբամուղների ավելի քան 60%-ն արդեն չի շահագործվում:
Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: