ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների ավարտին ասուլիսում հայտարարել է, որ իրանցի իր պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով 3+3 ձևաչափի գաղափարը՝ Անդրկովկասի 3 երկրին գումարած Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան։
Նա ասել է, որ իրանական կողմը դրական է արձագանքել այդ գաղափարին, նույնպիսի վերաբերմունք կա Ադրբեջանում և Թուրքիայում։
«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հուսով ենք, որ Վրաստանը ևս, անկախ իր խնդիրներից, կկարողանա իր շահը տեսնել խորհրդակցությունների և այդ տարածաշրջանի արագացված զարգացման վերաբերյալ որոշումների համաձայնեցման նման մեխանիզմի ստեղծման մեջ»,- ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը նաև նշել է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը։
«Կշահեն նաև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան՝ որպես այդ երեք հանրապետության հարևաններ»,-ասել է նա։
Աբդոլլահիանը Մոսկավյում ասել է, որ Թեհրանում որպես սադրիչ են գնահատում Ադրբեջանի զորավարժություններն այլ երկրների մասնակցությամբ։