Արցախում տեղակայաված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հետաքննում է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհված Մարտակերտի շրջանի բնակչի մահվան հանգամանքները՝ երկու կողմի ներգրավմամբ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 9–ին ադրբեջանական կողմից գնդակոծման հետևանքով Մարտակերտի շրջանում, կողմերի շփման գծի մոտակայքում, մահացու վիրավորում է ստացել խաղաղ բնակիչը։ Ռուսական զորակազմի հրամանատարությունը հետաքննում է միջադեպը՝ երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:15-ին, Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը: