Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 7-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե որ ռազմական սխալներն են բերել պարտության 44-օրյա պատերազմում, հայտարարել է, որ բանակաշինության ոլորտում ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել:
«Երկար տարիներ ինչպե՞ս է տեղի ունեցել բանակի զարգացումը, ինչպե՞ս է ձևավորվել բանակի բյուջեն, ինչպե՞ս է ծախսվել բանակի բյուջեն: Սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են, որոնք, ի վերջո, կանխորոշել են գործողությունները ռազմական թատերաբեմում:
Համակարգային առումով մենք պետք է ասենք և պիտի խոստովանենք, որ, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործն այն առումով, որ բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են ՀՀ շուրջ: Եվ երբ մենք տեսնում ենք, թե ինչ բյուջետային զարգացումներ են եղել պաշտպանական ծախսերի Ադրբեջանում և Հայաստանում: Այս ամենը, ի վերջո, նաև արտահայտվել է կոնկրետ տեղամասերում, կոնկրետ բնագծերում, կոնկրետ երևույթներով և դրսևորումներով»,-ասել է նա։
Վարչապետը նշել է, որ քրեական գործերի մասով՝ արդեն նախկինում հայտարարվել է, որ 1000-ին մոտ քրեական գործ կա հարուցված պատերազմի դրվագներով:
«Այս պահին կարող եմ ասել, որ մոտ 40 մեղադրվող անձ կա, և նաև կալանավորված անձինք կան: Ընդ որում, ընդհանրապես բանակի հետ կապված խնդիրներով մոտենում է մեկ տասնյակի կալանավորված անձանց թիվը և կարծում եմ նաև, որ կլինեն գործեր, որ կգնան դատարան»,-ասել է նա:
Փաշինյանը հավելել է նաև, որ բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, որի նպատակակետն է պրոֆեսիոնալ բանակի հիմնումը, որի գործունեությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա։ Նա նշել է, որ զինված ուժերը պետք է պատշաճ ձևով պաշտպանեն ՀՀ տարածքը և սահմանները հնարավոր ագրեսիաներից։