Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում խոսել են «Զանգեզուրի միջանցքի» ակնհայտ կարևորության մասին։
Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքն իրողություն է դառնում»։
«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն (Ադրբեջանի, Հայաստանի տարածքով, հետո Նախիջևանով դեպի Թուրքիա) իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքն Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը կդառնա», - հայտարարել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքի հնարավորություններից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով, որ պանդեմիայի պայմաններում աճել է տարածաշրջանային տրանսպորտային ցանցերի նշանակությունը, ևս խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի մասին»։
Նա նշել է, որ այդ «միջանքցի» կարևորությունն ակնհայտ է, գրում է Haqqin.az-ը:
«Ակնհայտ է Զանգեզուրի միջանցքի կարևորությունը, որը ուղիղ ճանապարհային հաղորդակցություն կհաստատի մեր երկրի և տարածաշրջանի միջև»,-ասել է Էրդողանը։
Նա նաև կոչ է արել կազմակերպության անդամներին իրենց «լիակատար համերաշխությունը հայտնել Ադրբեջանին»։
Հայաստանը հայտարարում է, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկվում և չի քննարկվելու, այլ խոսքը տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին է։