«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է ապաքրեականացնել ծանր վիրավորանքն ու զրպարտությունը, որն ընդունել էր նախորդ գումարման խորհրդարանը և, մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցությունը:
Վարդանյանը հիշեցրել է, որ օրենքն ընդունվել էր նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտի օրը, գրում է «Հետքը»։
Փոփոխություններով անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում սահմանված է տուգանք` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 500-ապատիկի չափով (100,000-500,000 դրամ):
Վարդանյանի խոսքով՝ օրենքի փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում:
Ըստ նրա՝ այս կերպ փորձ է արվում սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը՝ հատկապես հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500,000 մինչև մեկ միլիոն դրամ):