3 դեկտեմբերի 2021 - 17:56 AMT
ԱՀ ԱԱԾ․ Մարտունու բնակիչը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տարածքում

Արցախի Մարտունու շրջանի 65-ամյա բնակիչը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տարածքում։ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհետ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

«Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ: