Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով պարեկային ոստիկանության աշխատանքին, ասել է, որ դա եղել է կաևորագույն բարեփոխումներից մեկը և որ պարեկային ոստիկանության շուրջ բավական դրական մթնոլորտ է ձևավորվել։
Փաշինյանը որպես ձեռքբերում նշել է, որ վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ։
«Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք, կարծում եմ, սա շատ հիշարժան փաստ է»,- ասել է նա:
Նշելով, որ նոր ծառայությունը հիմնականում համալրվում է ոչ նախկին ոստիկաններով, վարչապետն օրինակ է բերել մի ուսուչցի։
«Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան»,- ասել է նա։
Փաշինյանը շեշտել է նաև, որ պարեկների կողմից 875 մարդ է բերման ենթարկվել հանցագործություն կատարելու կասկածանքով, մինչդեռ նախկինում նման դեպքեր չեն եղել:
Ներկայացնելով պարեկային ոստիկանության ամփոփված 6 ամսվա աշխատանքի միջանկյալ արդյունքները՝ Փաշինյանն ասել է, որ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախորդ համեմատելի ժամանակաշրջանում 565 արձանագրություն է կազմվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից՝ 1917 դեպք՝ աճը 3.5 անգամ է եղել:
Նա տեղեկացրել է նաև, որ առանց վարորդական վկայականների երթևեկելու համար նախկինում կազմվել է 924 դեպք, իսկ պարեկների կողմից՝ 4674 դեպք, նախկինում մայթով երթևեկելու կամ կայանելու 60 դեպք է արձանագրվել, իսկ այժմ՝ 571 դեպք, արձանագրումները աճել են 9.5 անգամ:
Պարեկային ոստիկանությունը գործարկվել է Երևանում 2021 թ հուլիսին։