31 մարտի 2009 - 02:09 AMT
Ամերիկացի կոնգրեսականները պատրաստ են օգնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին
Ամերիկացի կոնգրեսականների մի խումբ դիմել է Հայաստանի ու Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Աբդուլլահ Գյուլին եւ պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին եւ Թուրքիային հաղթահարել թշնամությունն ու երկկողմ հարաբերություններ հաստատել: «Վստահության մթնոլորտի եւ համագործակցության հաստատումը Երեւանի ու Անկարայի միջեւ անհրաժեշտություն է, որպեսզի նորմալ ապագա ապահովվի երկու ժողովրդների համար»,-ասվում է կոնգրեսականների ուղերձում:

Կոնգրեսականների այդ խմբում հիմնականում ժողովրդավարներ են, այդ թվում Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ Ռոբերտ Վեքսլերը, զինված ուժերի կոմիտեի նախագահ Այք Սքելթոնը, Եվրոպայում անվտանգության ու համագործակցության հանձնաժողովի համանախագահ Էլսի Հասթինգսը:

«Մենք գտնում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը պետք է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերակայությունը լինի: Անշուշտ, դա ծանր գործընթաց է, սակայն մենք հուսով ենք, որ սկսված երկխոսությունը կարող է բեկում մտցնել երկկողմ հարաբերություններում, ինչը կփոխի տարածաշրջանի դինամիկան եւ նոր հնարավորությունների դուռ կբացի Հայաստանի եւ Թուրքիայի համար»,-ասվում է կոնգրեսականների ուղերձում, հաղորդում է AFP-ն: