19 ապրիլի 2022 - 12:48 AMT
Էրդողան․ ՀՀ հետ անկեղծորեն շարունակում ենք կարգավորման գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը, կարճ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, տեղեկացնում է Ermenihaber-ը։

«Համոզված ենք, որ Ադրբեջանի բռնազավթված տարածքների ազատագրումից հետո մեր տարածաշրջանում խաղաղության հնարավորություն է ընձեռնվել։ Այս հնարավորությունն անտեղի չկորցնելու համար մեր հարևան Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք կարգավորման գործընթացը»,- ասել է Էրդողանը։

ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Վիեննայում կանցկացվի։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Չավուշօղլուն խոսել է հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և հայաստանում անցկացնելու անհրաժեշտության մասին։

ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ Վիեննայում կայանալիք հանդիպումը երրորդը կլինի, երկրորդը նույնպես Վիեննայում է եղել։