Ուրուգվայում հայ ցուցարարների հասցեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ռասիստական ժեստի համար այդ երկորւմ Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին ԱԳՆ են կանչել։
Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսո դեսպանին կանչել է Էստևեզի պալատ՝ այցը կայանալու է ապրիլի 25-ին, գրում է Elpais-ը։
Նշվում է, որ Consejo Causa Armenia del Uruguay իրավապաշտպան կազմակերպությունն իրազեկել է, որ Չավուշօղլուի ցուցադրած ժեստը թուրքական ահաբեկչական «Գորշ հայլեր» կազմակերպության նշանն է։
Ապրիլի 24-ին Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն հիմնական ներկայացուցիչն է լինելու գործադիր իշխանությունից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում, թուրքական դեսպանատնից հեռանալիս, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանն է ցույց տվել մեքենայից՝ դեսպանատան մոտ ցույց անող հայերին։ Նա արել է դա լայն ժպիտով, իսկ մեքենայի մոտ գտնվող դեսպանատան աշխատակիցները ծափահարել են Չավուշօղլուին։
Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բողոքի ցույցի էին դուրս եկել ՀՀ դրոշներով և Ցեղասպանության ժխտումը դատապարտող պաստառներով։
Ուրուգվայն աշխարհի առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
«Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է, որը հայտնի է իր պանթուրքիստական և ռասիստական գաղափարախոսությամբ։ Կազմակերպության անվանումը և խորհրդանիշները կապվում են թուրքական դիցաբանության հետ, որտեղ գայլը խիզախության և պատվի խորհրդանիշ է։