Համաձայն զինված ուժերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում։
Ստուգումների նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։
Հուլիսի 28-ին Ասրյանն այցելել է N զորամիավորում։
Զորամիավորման հրամանատարը զեկուցել էր կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին և ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին հետագա ծառայության կազմակերպման, անձնակազմի մարտունակության վերաբերյալ։