ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավագ դպրոցներում, որպես կամընտրական առարկա, շատ աշակերտներ ընտրել են ադրբեջաներենն ու թուրքերենը։
«44-օրյա պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչպես է հայերենին տիրապետում թշնամին։ Նրանց դպրոցներում ուսուցանել են հայերեն և հիմա էլ ուսուցանում են. բնականաբար, ոչ համատարած։ Մենք էլ ադրբեջաներենն ու թուրքերենն առաջարկել ենք որպես կամընտրական լեզու ավագ դպրոցում, իսկ վրացերենն ու պարսկերենը` նաև հիմանական դպրոցի աշակերտների համար։ Մեզ մոտ շատերն են ընտրել ադրբեջաներենն ու թուրքերենը»,–ասել է Դումանյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով` երբ տնօրեններից մեկից հետաքրքրվել է, թե ինչու է այդքան շատ տարբերությունը, և բավական աշակերտներ են ընտրել հենց վերոհիշյալ 2 լեզուն, պատասխանել են, թե պատճառը նույնն է, ինչ Ադրբեջանի դեպքում (հավանաբար նկատի ունի` «թշնամու լեզուն պիտի իմանալ»)։
ԿԳՄՍՆ–ն հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի «Կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում» բաժնում նշվում է, որ ՀՀ դպրոցներում կուսուցանվեն «հարևան երկրների լեզուները» (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն)։ Դումանյանն ավելի վաղ հայտնել էր, թե հարևան երկրների և լեզվին, և մշակույթին պետք է ծանոթ լինենք։