22 հոկտեմբերի 2022 - 13:40 AMT
Աբդոլլահիանը՝ Սիմոնյանին․ Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ ունի

ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է, որ Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ է պարունակում, ըստ որի՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին և կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը: Նա հավելել է նաև, որ հետաքրքրված են Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմամբ:

Սիմոնյանն իր հերթին ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարևանային հարաբերությունների կարևորությունը՝ շեշտելով, որ դրանց զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են իրենց պտուղները:

«Սյունիքի մարզկենտրոն Կապանում Ձեր գլխավոր հյուպատոսության բացումը փաստ է, շնորհավորում եմ բոլորիս այդ կարևոր իրադարձության կապակցությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը ձգտելու է մոտ ապագայում ՀՀ հյուպատոսություն բացել Թավրիզում:

Երկուստեք արձանագրվել է, որ ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մի շարք այլ բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային և տևական խաղաղությանն առնչվող հարցերի:

Քննարկման առանցքային հարցերից է եղել հայ-իրանական ռազմավարական երկխոսությունը բոլոր ուղղություններով, ինչպես նաև երկրների միջև ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարը: Իրանի արտգործնախարարը նշել է, որ մեկ միլիարդ դոլարի կարելի է հասնել առաջին փուլով, իսկ երկրորդ՝ առավել հեռանկարային փուլում, իրատեսական է համարել 3 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ողջույններ է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին՝ նշելով, որ գործընկերոջը սպասում է Հայաստանում:

Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը շեշտել է, որ Իրանը ցանկանում է տեսնել խաղաղ ու զարգացած Հայաստան, որը նաև իր երկրի շահերից է բխում։ Իրանցի դիվանագետը հույս է հայտնել, որ տարածաշրջանի որևէ երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել։

«Հակառակ դեպքում ԻԻՀ–ի կողմից համարժեք հակազդեցություն կցուցաբերվի»,– վստահեցրել է Վարամինը։