24 հոկտեմբերի 2022 - 15:01 AMT
Մարուքյան. Եթե չեք ծրագրում նոր ագրեսիա, ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում ՀՀ-ում միջազգային ներկայությունից

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ադրբեջանական մամուլի հրապարակումներին ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման մասին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է՝ «եթե նոր ագրեսիա չեք ծրագրում, ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում ՀՀ-ում միջազգային ներկայությունից»։

«Ադրբեջանական լրատվամիջոցները լի են «փորձագիտական» քննարկումներով՝ ընդդեմ ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի դիտորդների Հայաստան ժամանելու։

Եթե դուք չեք օկուպացրել հայկական տարածքները և չեք ծրագրում նոր ագրեսիա, ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում Հայաստանում միջազգային ներկայությունից»,- ասվում է գրառման մեջ։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն: