22 նոյեմբերի 2022 - 15:12 AMT
ԲՈԿ նախագահ․ Կներդրվի գրագողության բացահայտման նոր ծրագիր

ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը, ներկայացնելով ոլորտի բարեփոխումները, հայտարարել է, որ գրագողության բացահայտման նոր ծրագիր կներդրվի։

«Նոր ծրագիրը ներդրման փուլում է. բազաներն ենք թարմացնում, առաջին փորձարկումներն ենք անում: Նոր տարբերակի ներդրումը չի սահմանափակվելու միայն ԲՈԿ-ով: Այն պետք է հասանելի դառնա նաև պարբերականների խմբագիրների համար, որպեսզի հոդվածը տպագրելիս ստուգումն անցած լինի»,- ասել է Կարեն Քեռյանը՝ կարևորելով գրագողությունները բացահայտելու ուղղությամբ մասնագիտական հանրույթի ներքին պահանջը և պատասխանատվությունը:

Նրա տեղեկացմամբ՝ ծրագիրը նախատեսվում է մի ամսվա ընթացքում գործարկել ԲՈԿ-ի ներսում, իսկ արդեն 2023-ից՝ հասանելի դարձնել պարբերականների և մասնագիտական խորհուրդների համար:

Գրագողության բացահայտման ծրագրի ներդրման շրջանակում համաձայնագիր է կնքվել ՌԴ գիտությունների ակադեմիայի Համակարգային ծրագրավորման ինստիտուտի (Институт Системного Програмирования) հետ, աշխատանքներ են տարվում Ղրղզստանի և Ղազախստանի հետ՝ կնքելու նոր համաձայնագրեր՝ փորձի փոխանակման, կարգերի մշակման ուղղությամբ խորհրդատվության և այլ նպատակներով:

Ըստ Կարեն Քեռյանի՝ բազմաթիվ հետազոտություններ են արվել, ուսումնասիրվել են տարբեր երկրների աստիճանաշնորհման կարգերը, և անհրաժեշտություն կա փոփոխություններ անելու՝ սկսած որակական չափանիշներից: Առաջարկվում է առաջատար կազմակերպության փոխարեն գիտական աստիճանի հայցման ատենախոսության համար ևս մեկ ընդդիմախոս դիտարկել:

«Որակական պահանջների համար առանցքային է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը». այդ շրջանակում նախատեսվում է ունենալ առնվազն 4 բուհ, որոնք ընդգրկված կլինեն աշխարհի բուհերի լավագույն 500-յակում: Դրա առաջին նախապայմաններից է միջազգային չափանիշներին համապատասխան հոդվածներ ու ծրագրեր ունենալը: Կարևոր է, որ գիտական աստիճան հայցողները տպագրվեն ոչ միայն տեղական, այլև միջազգայնորեն ճանաչված գիտատեղեկատվական պարբերականներում, որպեսզի գիտությամբ զբաղվողները մրցունակ լինեն աշխարհում»,- ընդգծել է Կարեն Քեռյանը:

Նա տեղեկացրել է, որ բնական գիտությունների ոլորտում գիտությունների թեկնածուի աստիճան հայցողների 60-70 տոկոսը միջազգային հրապարակումներ ունի, այնինչ հումանիտար և հասարակագիտական ոլորտում այն կազմում է ընդամենը 2-4 տոկոս:

Հնարավորություն կստեղծվի արտերկրից ունենալու համաղեկավար, ապահովելու Հայաստանի և օտարերկրյա գիտնականների համագործակցության ակտիվ դաշտ:

Այս պահին գիտությունների թեկնածուի հայցման համար կա 2 հնարավորություն. 6 հոդված ԲՈԿ-ի ընդունելի տեղական պարբերականներում կամ 3 հոդված, որից մեկը՝ պարտադիր միջազգայնորեն ճանաչված գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականում:

«Պահանջելու ենք ոչ թե 6 կամ 3 հոդված, այլ 3 հոդված, որից մեկը՝ միջազգային գիտական շտեմարաններից որևէ մեկում: Այդ պահանջը կվերաբերի նաև գիտական ղեկավարին, մասնագիտական խորհրդի անդամներին: Պետք է նախապատրաստել գիտական հանրությանն այդ փոփոխություններին: Գիտության ֆինանսավորումը կրկնակի շատացել է, ինչը հնարավորություն է, որը պետք է նպատակային օգտագործվի և շոշափելի արդյունքներ գրանցի»,- ասել է Կարեն Քեռյանը:

Նրա գնահատմամբ՝ նշաձողը պետք է բարձրացվի: Հայաստանյան 100 պարբերականից 5-ն է միայն գրանցված Web of Science-ում, և այս ցուցանիշը պետք է բարելավվի:

Աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը շուտով հանրային քննարկման կդրվի: