Դեկտեմբերի 27-ին Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի դիմաց, տեղի է ունեցել ցույց՝ հաջակցության շրջափակման մեջ գտնվող արցախցիների:
Ցույցը նպատակ ուներ ուշադրություն հրավիրելու Ադրբեջանի անօրինական շրջափակման հետևանքով մարդկանց հասցված վնասների վրա, գրում է «Առավոտը»։
Ցուցարարները հնչեցրել են տարբեր կարգախոսներ՝ բարձրացնելով Իլհամ Ալիև-Ռեջեփ Էրդողան (Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ) կործանարար միության հարցը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ադրբեջանամետ կեցվածքը, որոշակի հիվանդություններ ունեցող արցախցիների և այն երեխաների խնդիրը, որոնք մանկական Եվրատեսիլի ավարտից հետո մնացել են Հայաստանում:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։