Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորաստեղծ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում տեսնում է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանին։ Այդ մասին նա ասել է նախարարությունում՝ ներկայացնելով աշխատակազմին արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին:
«Հույս ունեմ, որ տիկին Արփինե Սարգսյանը կստանձնի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, ով ներգրավված է եղել ոստիկանության բարեփոխումներում, Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներում: Շատ կարևորում եմ նոր ձևավորվող նախարարությունում ռազմավարությունները մշակող և իրականացնող թևը, որը տիկին Սարգսյանը, հույս ունեմ, կղեկավարի»,-ասել է Փաշինյանը:
Հայաստանում Ներքին գործերի նախարարություն կստեղծվի։ Ազգային ժողովը 67 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքով դադարեցվում է ԱԻՆ-ի գործունեությունը, Փրկարար ծառայությունն ընդգրկվում է ՆԳՆ կազմում։ Նախարարության կազմում կլինեն նաև ոստիկանությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:
Ներքին գործերի նախարարությունը լուծարվել էր 2002-ին, որից առանձնացվել էր ոստիկանությունը: