ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ նշելով, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին և կոչ արել «բոլոր կողմերին» թուլացնել լարվածությունը։
Նա նաև պատրաստակամություն է հայտնել անձամբ մասնակցելու լարվածության նվազմանն ուղղված ջանքերին և հայտնել է, որ կայցելի Հայաստան և Ադրբեջան, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։
Օսմանին մտահոգություւն է հայտնել այն առնչությամբ, թե ինչպես է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակն ազդում քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա և կոչ է արել կառուցողական և արդյունավետ երկխոսություն սկսել։
ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը, որպես ԵԱՀԿ գործիքակազմի մի մաս, որոնք առանցքային տարրեր են «հողի վրա» առկա խնդիրները լուծելու համար։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։