20 հունվարի 2023 - 12:27 AMT
Վրաստանում նախկին զինծառայողը կրակել է անցորդների վրա․ 5 զոհ կա

Վրաստանում նախկին զինծառայողն իր բնակարանի պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին։

Դեպքը տեղի է ունեցել Սագարեջոյում, գրում է Sputnik Georgia-ն։

48-ամյա տղամարդը կրակել է բակում եղած մարդկանց վրա, իսկ հետո նաև դեպքի վայր ժամանած ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ։

Զոհվածներից մեկը ոստիկան է, վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Հանցագործն ինքնասպան է եղել։

Միջադեպի ժամանակ տանը եղել է նաև նրա անչափահաս որդին, որը հեռացել է բնակարանից, երբ հայրը սկսել է կրակել։ Ավելի ուշ նա ուժայիններին հայտնել է, որ հոր արարքի պատճառը չգիտի։