Արցախում պատրաստվում են ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարությանը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին:
Պետական հանձնաժողովը կնախագահի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Պետական հանձնաժողովը եռօրյա ժամկետում պետք է քննարկի ու հաստատի տոնական միջոցառումների անցկացման համալիր ծրագիրը:
1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա: 1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։