15 փետրվարի 2023 - 19:11 AMT
Միրզոյանն Ադըյամանում հանդիպել է հայ փրկարարների հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի Ադըյաման քաղաքում հանդիպել է հայ փրկարարների հետ, կարճատև զրույց ունեցել, շնորհակալություն հայտնել նրանց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

Ադըյամանում աշխատող Հայաստանի փրկարարական ջոկատի ղեկավար, կապիտան Վահե Գևորգյանն ընդգծել է, որ բոլորը գոհ են իրենց աշխատանքից, հայտնում է Արմենպրեսը։

«Բոլորը մոտենում են մեզ, շնորհակալություն են հայտնում: Նաև զարմանում են, որ Հայաստանից ենք եկել, այդ դեպքում շնորհակալությունը կրկնապատկվում է: Կարելի է ասել, որ մենք անթերի աշխատանք ենք կատարել, որովհետև կարողացել ենք մյուս պետությունների փրկարար ծառայողների հետ արդյունավետ աշխատել»,- ասել է Գևորգյանը:

Նա հավելել է, որ կարողացել են մարդկային կյանքեր փրկել, եղել են դեպքեր, երբ փլատակներից դիեր են դուրս բերել:

Կապիտան Գևորգյանը հայտնել է, որ եղել են դեպքեր, երբ իրենց Ադըյամանի հայ բնակիչներ են մոտեցել և շնորհակալություն հայտնել:

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։