Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այն հայտարարությունը, որ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները հավասարազոր են։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ողջունում ենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այն հայտարարությունը, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հավասարազորության հիման վրա։ Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար/հավաքական իրավունքները հաշվի առնելու»,-ասվում է գրառման մեջ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Նա նշել է, որ այդ բոլոր սկզբունքները հավասարազոր են:
Ընթերցեք նաև․ Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքները հավասարազոր են