ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու միջև միջադեպի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել են ՔԿ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և կարտոֆիլ վաճառող մի քաղաքացի քաշքշել են միմյանց, ինչից հետո նրանց կանչել են ոստիկանություն՝ բացատրություն տալու:
«Պատգամավորից հաղորդում է ստացվել միջադեպի վերաբերյալ, պատգամավորը ճանաչվել է տուժող, մեկ անձ ձերբակալվել է»,– հայտնել են ՔԿ մամուլի ծառայությունից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` խուլիգանության համար։
Դեպքի ամբողջական հանգամանքները կպարզվեն քննությամբ։