16 մարտի 2023 - 11:07 AMT
Ռուս ուղղափառ եկեղեցին թեմ է բացում ՀՀ-ում

Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմը պետական գրանցման փաստաթղթերը ներկայացրել է Արդարադատության նախարարություն։ Ակնկալվում է, որ գրանցումը տեղի կունենա ապրիլի կեսին, գրում է ՏԱՍՍ-ը։

Թեմի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Աֆրիկայի պատրիարքական նվիրակ միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկին: Հայաստանում թեմ ստեղծելու մասին որոշումը Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդը կայացրել է 2021 թվականի հոկտեմբերին։

«Փաստաթղթերը ներկայացրել ենք գրանցման, Հայաստանի օրենքով ընթացակարգը տևում է մինչև մեկ ամիս»,- հայտնել են թեմում։

Միտրոպոլիտ Լեոնիդը մի քանի օր առաջ է այցելել Հայաստան։ Կիրակի նա սուրբ պատարագ է մատուցել Երևանում, զրուցել հոգևորականների և հավատացյալների հետ, հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։