ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Տեղ գյուղում սահմանի 1.4 կմ-ն արդեն ճշգրտվել է։
«Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված մենք համարել ենք խնդրահարույց, այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդ խնդրահարույց հատվածը կրճատվել է 1.4 կմ-ով»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Վարչապետը հավելել է, որ դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է։
«Դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք։ Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցիները՝ նույնպես», - ասել է Փաշինյանը։
Վարչապետը հույս է հայտնել, որ մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի։
«Բայց մյուս կողմից էլ, մինչև դա տեղի չունենա, չենք կարող ասել, որ դա տեղի է ունեցել»,- ասել է նա։
ԱԱԾ-ն մարտի 30-ին, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, նշել էր, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։ Ապրիլի 1-ին ԱԱԾ-ն հայտարարել է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է եղել ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է։
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։