Արցախցի երիտասարդները, որոնք արդեն օրեր շարունակ ստորագրահավաք են անում «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով, մայիսի 2-ից վրաններ են տեղադրել Ստեփանակերտ - Շուշի ճանապարհին։ Նրանք «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակ են տեղադրել Զառին բաղ կոչվող հատվածում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։
«Ազատ Արցախը կրկին ողջունելու է մեզ: Ապօրինի անցակետը ապամոնտաժվելու է։ Միացեք մեր պայքարին»,-գրել է նա։
Երիտասարդների ակցիան անժամկետ է, որի հիմնական պահանջներից մեկն է Հակարի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը:
«Մայիսի 3-ին ժամը 15:00-ին Զառին բաղ կոչվող տեղամասում անցկացվելու է հերթական խաղաղ ակցիան: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, բոլոր քաղաքական, ապաքաղաքական, հասարակական կազմակերպություններին, սթափ ուժերին, միանալ մեր պայքարին»,-ասվում է մեկ այլ գրառման մեջ։