10 մայիսի 2023 - 12:23 AMT
ՀՀ-ն ու Թուրքիան չեն գործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում

Հայաստանն ու Թուրքիան չեն գործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում։ Այդ մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Դեռևս առկա է միայն Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը», - պատասխանել են նախարարությունից գրավոր հարցմանը։

Ըստ գերատեսչության` միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումից հետո հնարավոր կլինի նշել վերականգնման գումարը և հստակ ժամկետները։

Նշվել է նաև, որ մասնագիտական հանձնաժողովի ստեղծման հարցը քննարկման փուլում է։

Նախարարությունից հայտնել են, որ Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը մշակվել է դեռևս 2010 թվականին։ Նախարարությունը տեղյակ չէ` արդյոք նման էսքիզ Թուրքիայում էլ են մշակում, թե ոչ։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի տիրապետում տեղեկատվության թուրքական կողմի իրականացրած միջոցառումների վերաբերյալ», - ասված է պատասխանում։

Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անկարայում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան միասին կվերանորոգեն սահմանային կամուրջը։

Փետրվարի 16-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը վաղուց է պատրաստել կամրջի էսքիզը։