Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն համաձայնել է մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը Եվրախորհրդի նախագահ Շառ Միշելի մասնակցությամբ, իսկ Քիշնևի հանդիպման վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չկա։
«Ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը մայիսի 14-ին Բրյուսելում՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, որը նախորդ տարի չկայացավ բրյուսելյան ֆորմատից հայկական կողմի հրաժարվելու պատճառով»,-ասել է Հաջիզադեն, հայտնում է Interfax.az-ը։
Ըստ նրա, Բաքուն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը կարող է մասնակցել հունիսի 1-ին Քիշնևում նախատեսվող ոչ ֆորմալ հանդիպմանը (Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ) այն պայմանով, որ այն չի փոխարինի և չի փոխի բրյուսելյան ձևաչափը։
«Սակայն վերջնական համաձայնություն Քիշնևի հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ դեռևս չկա՝ հաշվի առնելով, որ դիտարկվող հանդիպման մանրամասները լիովին չեն բացահայտվել»,-ասել է Հաջիզադեն։
Մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։
Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: