25 ապրիլի 2009 - 18:59 AMT
Կարո՞ղ է արդյոք Հայաստանի նախագահը ընդունել Կարսի պայմանագիրը
Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) միակ քաղաքական ուժն է, որը Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը օգտագործեց իր նպատակների համար: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` այդպես էլ չբացատրելով, թե ինչ նկատի ունի: Մանոյանի խոսքերով ՀԱԿ-ի եւ Հայաստանի այժմյան ղեկավարության դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների հարցում շատ են տարբերվում: «Հայաստանի նախկին երկու նախագահները Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի ընդունման կողմնակիցները չէին, եւ հուսով եմ, որ չի լինի այնպիսի հայ նախագահ, որը կընդունի այդ պայմանագիրը: Հայ ժողովուրդը դա թույլ չի տա»,- նկատել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր մարդկանց երեկվա հոսքը վկայում է հայ ժողովրդի դիմակայության եւ բնազդի մասին:

Կիրո Մանոյանը նաեւ նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է կողմնորոշվի` մնացել է արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկրի արտաքին քաղաքականության մեջ, թե ոչ: