Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել այդ երկրր զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ, հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը:
Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի են ունեցել քննարկումներ` կապված 2022 թ. սեպտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ներկայիս ընթացքի շուրջ:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային հագեցած այցի և ջերմ ընդունելության համար:
Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժեում» մասնակցել է Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ: