22 հունիսի 2023 - 12:59 AMT
ԱՄՆ 54 կոնգրեսական վարչակազմից պահանջել է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և ավելի խիստ արձագանքել ԼՂ շրջափակմանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 54 անդամի երկկուսակցական խումբը՝ Բարբարա Լիի գլխավորությամբ, Բայդենի վարչակազմից պահանջել է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը և հորդորել է Վաշինգտոնին ավելի խիստ արձագանքել Արցախի 120 հազար հայ բնակչության դեմ Ադրբեջանի շարունակական շրջափակմանն ու ագրեսիային։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել Բարբարա Լիին և մյուս կոնգրեսականներին այդ դիրքորոշման համար, հայտնում է «Ազատությունը»։

«ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին քաջալերում է Ալիևի կոռումպացված ռեժիմին շարունակել Արցախի դաժան շրջափակումը` խեղդամահ անելով Արցախի քրիստոնյա բնակչությանը», - ընդգծել է Համբարյանը:

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: